Երազում եմ՝ ձևավորվի համակարգ, որը տարեկան 100 հազար հայի կբերի Հայաստան. «Վերադարձ Հայաստան»-ը՝ հայրենադարձներին հայրենիքի հետ կապող օղակ
Վարդան Մարաշլյանը 2010 թվականին է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: 2,5 տարի եղել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար: Մարաշլյանն ու ընկերները, գիտակցելով հայրենադարձության խնդրի կարևորությունը, որոշել են ստեղծել հիմնադրամ, որը կձևավորի հայրենադարձների աջակցության համակարգ և ապագայում նաև պետությանը կօգնի հայրենադարձության քաղաքականության մշակման գործում:
«Տասներկու հոգով սկսեցինք աշխատանքը: Մեր մի մասը մտածում էր տեղեկատվական կայք, համակարգ ստեղծելու մասին, որը կաջակցի հայրենադարձներին, իսկ մյուս մասը կարևորեց կոնկրետ կազմակերպության հիմնադրումը, որը կունենա աշխատակիցներ. նրանք կօգնեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Արդյունքում մեր ուժերը միավորվեցին և ստեղծվեց «Վերադարձ Հայաստան»-ը: Այդ շրջանը համընկավ նաև Սիրիայից մեր հայրենակիցների՝ Հայաստան հոսքի հետ, սակայն կառույցն ստեղծել ենք կամավոր և գիտակցաբար հայրենադարձությանն աջակցելու համար»,-պատմում է Մարաշլյանը:
Հիմնադրամի աշխատակիցները հստակ գիտակցում են, որ հայրենադարձությունը բարդ գործընթաց է: Ոչ ոք նման որոշում միանգամից չի կայացնում: Մարդիկ նախ ցանկանում են ավելի լավ ճանաչել Հայաստանը: Դա անում են կամավորական, կրթական, կարճաժամկետ դասընթացների և այլ ծրագրերի միջոցով:
Վարդան Մարաշլյանի խոսքով՝ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ որոշ մասնագետների բաց է նկատվում, սակայն աշխատավարձերի չափը գրավիչ չէ: «Համավարակից հետո միակ դրական բանն այն է, որ աշխարհը դարձել է գլոբալ: Մարդկանց մեծ մասը կարող է հեռակա աշխատել: Դա տեսանք ռուսների հոսքի ընթացքում: Մարդիկ տեղափոխվում են Հայաստան, բայց նրանց ստեղծած պրոդուկտը վաճառվում է երկրից դուրս: Հայաստանում կա մարքեթինգի, վաճառքների արտահանման, պրոֆեսինալ մենեջմենթի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում մասնագետների պահանջարկ: Մենք տեսնում ենք, որ տեղի կազմակերպությունները պատրաստ են նաև լուրջ գումար վճարել այն մարդկանց, ովքեր կարող են որակական փոփոխություն բերել»,-նշում է նա՝ անդրադառնալով հայրենադարձների աշխատանքի խնդրին:
«Վերադարձ Հայաստան»-ը համագործակցում է տարբեր մարմինների հետ. աշխատում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի միգրացիոն ծառայության, 818 consulting կազմակերպության և այլ կառույցների հետ այն թեմաների շուրջ, որոնք հիմնադրամի համար օրակարգային են՝ հայրենադարձության միջավայր, օրենսդրություն, տեղեկատվական ոլորտ:
Հիմնադրամը փորձարարական մոտեցում է ձևավորել և ստեղծել է հայրենադարձների ցանց: Դա «Ֆեյսբուք»-ի փակ խումբ է, որում 12 հազարից ավելի մարդ կա: Նրանք փորձում են օգտակար դառնալ միմյանց տարբեր հարցերում: Խմբում ընդգրկված հայրենադարձները կամ մարդիկ, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, միմյանց տալիս են հարցեր ու ստանում պրակտիկ պատասխաններ: Նրանցից շատերը նույն քաղաքից են, նույն մասնագիտությունն ունեն, նույն խնդիրներն ու մտավախությունները:
«Վերադարձ Հայաստան»-ը կենտրոնանում է հայրենադարձների համար աշխատանք գտնելու, սեփական բիզնես սկսելու գործում աջակցություն ցույց տալու վրա, անում հնարավորը, որ Հայաստանի շուկայում ճանաչեն նրանց:
«Նախորդ տարվա վերջում և 2022-ի սկզբում իրականացրել ենք աշխատանքի աջակցման երկու պիլոտային ծրագիր (Employment Support Programme): Առաջին ծրագրի ընթացքում Լիբանանից 23 հոգի է տեղափոխվել Հայաստան: Նրանցից 18-ը Հայաստանում է հաստատվել և աշխատում է, մեկը սեփական գործ է հիմնել: Երկրորդ ծրագիրն իրականացրել ենք մեր ռուսալեզու հայրենակիցների համար: 34 հոգուց 30-ը Հայաստանում է, և բոլորը կամ աշխատանք ունեն, կամ սեփական գործ են սկսել: Ծրագրի շրջանակում տրամադրել ենք ավիատոմս դեպի Հայաստան, ամսական 100 հազար դրամ աջակցություն և մասնակցություն հայոց լեզվի դասընթացների»,-պատմում է կազմակերպության համահիմնադիրը: «Վերադարձ Հայաստան»-ին տարեկան 1000 մարդ է դիմում: Նրանց զգալի մասը 25-ից 40 տարեկան մարդիկ են, որոնք ունեն լավ կրթություն, հետաքրքիր գաղափարներ, լավ էներգետիկա: Հիմնականում հայրենադարձվում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից Լիբանանից, Կանադայից, Իրանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից:
🇦🇲 / 🇷🇺 Երազում եմ՝ ձևավորվի համակարգ, որը տարեկան 100 հազար հայի կբերի Հայա… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան